Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատությանը» հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»,- ընդգծել են ԱԱԾ-ում։
ԱԱԾ-ում, սակայն, հրաժարվել են նշել «Զվարթնոցում» ծառայություն իրականացրած ռուս սահմանապահների թիվը՝ հայտնելով, որ տեղեկությունը պետական գաղտնիք է։
Ռուս սահմանապահները հուլիսի 31-ին հեռացան «Զվարթնոց» օդանավակայանից։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։