ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն առաջիկայում հանդես կգան նոր նախաձեռնությամբ, որը հետագայում կվերաձևավորվի որպես կուսակցություն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նրանք դեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից առաջ են ծրագիր պատրաստել։
«Ավելի քան երեք ամիս է՝ եռյակն ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Չի բացառվում, որ հենց աշնանն ազդարարեն նորամուտի մասին։ Միևնույն ժամանակ՝ նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, որի դեմ նոր թափով քրեական հետապնդում է սկսվել»,- ասված է հրապարակման մեջ։
Այդուհանդերձ, հիմնադիրներին մոտ կանգնած աղբյուրը թերթին հայտնել է, որ նոր ուժը որևէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու։
Դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ օգոստոսի 6-ին հանրային քրեական նոր հետապնդում է հարուցվել Մինասյանի և 13 անձի նկատմամբ։