Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություններ մատուցող անհատները կհարկվեն ուղևորափոխադրման արժեքի 1,5-2%-ի չափով։ Որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 22-ի նիստում։
Հարցը զեկուցելիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ կանխիկ գործարքի դեպքում վճարը կկազմի 2%, իսկ անկանխիկի դեպքում՝ 1,5%: Այսինքն՝ 1 000 դրամի դեպքում վարորդը կվճարի 20 կամ 15 դրամ հարկ։ Բադասյանի խոսքով՝ դրույքները տարեցտարի ավելանալու են։
«2025 թվականի հունվարի 1-ից այդ դրույքներ կլինեն համապատասխանաբար 3,5 և 2,5%, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 5 և 4%»,- ասաց նա։
Ըստ Բադասյանի՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրում իրականացնելու համար նոր կարգավորումները չեն պահանջում որևէ լրացուցիչ գործողություն։
Համակարգը կգործի ինքնաշխատ եղանակով և ուղևորափոխադրման ընթացքում կգեներացվի էլեկտրոնային ՀԴՄ, նշեց ՊԵԿ ղեկավարը։
Եթե համակարգն օգտագործում են անհատ վարորդները, ապա նրանք, ՊԵԿ նախագահի խոսքով, պետք է սկզբում սնանան հարկ վճարողի հաշվառման համար և ակտիվացնեն էլեկտրոնային ՀԴՄ՝ էլեկտրոնային հավելվածի «Ես եմ» համակարգի միջոցով։ Գրանցումը համակարգում կատարվում է առցանց, նշեց Բադասյանը։
«Ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում ավտոմեքենայի մեջ չի ենթադրվում։ Էլեկտոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված։ Էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդի դեպքում հենց վարորդն ինքը կարող է ՀԴՄ-ն գեներացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը։