Սևանա լճի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքը պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ (40 000 դոլար), գրում է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ վարչապետի աշխատակազմի և «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը 1-ին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։
Առաջին պայմանագրով նախատեսված էր 6 (3×3) վրանի վարձույթ՝ 5 տարբեր կետում, 36 բիոզուգարանի վարձույթ՝ 6 տարբեր կետում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրևապաշտպանի վարձույթ, հայտնել է թերթը։
Ըստ լրատվականի՝ պայմանագրով գումար է հատկացվել նաև ցուցանակների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600 մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) և վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային և պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի և բանվորական ուժի համար:
Երկրորդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված էր 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար։ Պայմանագրով սահմանվում էր նաև հատկացում՝ սպասարկող անձնակազմի և տրանսպորտային ծառայությունների համար։ Անհրաժեշտ էր ապահովել 100 անձի համար նախաճաշ, ճաշ 2 օր և ընթրիք՝ 1 օր, գրել է թերթը։
ԶԼՄ-ն ուսումնասիրել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը և պարզել, որ հեծանվավազքի մասնակիցները մոտավորապես 50-ն էին՝ անվտանգության և շտապօգնության աշխատակիցների հետ միասին։
Օգոստոսի 24-25-ը Փաշինյանը երկօրյա հեծանվարշավ էր կատարել Սևանա լճի շուրջ. առաջին օրը հաղթահարել էր 92 կմ և գիշերել լճի ափին, իսկ երկրորդ օրը՝ 121 կմ, և հեծանվարշավը եզրափակել Սևանի թերակղզում: