Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են ստացել 7-րդ գումարման խորհրդարանում՝ սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով, հայտնել են տեղական ԶԼՄ-ները։
«Նոր Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 68 մանդատ, ճեպազրույցում ասել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը։
Քվեարկությունն սկսվել էր ժամը 08:00-ին, ավարտվել` 19։00-ին։ Քվեարկությունից առաջ Պանախովը հայտարարել էր, որ ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք, ընդհանուր առմամբ՝ 6478 ընտրատեղամաս (6343 մշտական, 135 ժամանակավոր): ԿԸՀ նախագահը տեղեկացրել էր, որ ընտրություններին հետևելու համար գրանցվել է 112 749 տեղական, 598 միջազգային դիտորդ։
Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի տարածքներում գործել է 54 ընտրական տեղամաս, որից 34-ը՝ մշտական, 20-ը՝ ժամանակավոր:
Հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել։
Հունիսի 20-ին Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։