Իրավապահները փորձում են փոխհատուցումներից հրաժարվող կիրանցեցիներին համոզել, որպեսզի նրանք ընդունեն փոխհատուցում ստանալու իշխանությունների առաջարկը, պարզել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Կիրանցում այդպիսի 11 հասցե կա։ «ԱԱԾ և ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին և փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել»,- գրել է թերթը։
Ըստ լրատվականի՝ իրենց բնակարաններից չհրաժարվելու դեպքում համայնքի բնակիչները կկարողանան դիմել դատական ատյաններ։
«Եթե Կիրանցի բնակիչները մինչև վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան»,- գրել է թերթը։
Նշենք, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մայիսի 16-ին հայտնել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման շրջանակներում Հայաստանը Բաքվին էր զիջել 2 տուն և 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։ Մոտ 15 տուն հայտնվել է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։