Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնող խմբի նիստում քննարկել է Արտաքին գործերի նախարարության և գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի աշխատանքը, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով «Քաղաքացիական պայմանագրի» իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ շուրջ 2 ժամ տևած նիստի ընթացքում հնչած տեսակետները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լավատեսական տրամադրություններ չեն ձևավորել, ճիշտ հակառակը՝ հնչել են բազում մտահոգություններ, խոսել են հնարավոր վտանգավոր զարգացումների մասին, որից կուսակցականները եզրահանգումներ են արել, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն առաջիկայում է՛լ ավելի են սրվելու։
Միակ լավատեսական տեղեկատվությունը, ըստ հրապարակման, այն է, որ Միրզոյանը, խոսելով սահմանազատման համատեքստում անկլավների թեմայի մասին, ասել է, որ Երևանի ու Բաքվի միջև հնարավոր է համաձայնություն կայացվի՝ անկլավների հարցը լուծել հետևյալ սկզբունքով՝ «Երևանին մոտը՝ մեզ, իրենցը՝ իրենց»: «Հրապարակ»-ը պարզաբանել է, որ այս սկզբունքի տրամաբանությամբ՝ Տիգրանաշենը կմնա Հայաստանին, իսկ Արծվաշենը՝ Ադրբեջանին։
«Արտգործնախարարի ներկայացմամբ՝ խիստ մտահոգիչ է Ռուսաստանի՝ վերջին ժամանակների աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման և, հատկապես, ճանապարհների ապաշրջափակման հարցում էական դերակատարում ստանձնելու առումով։ Խոսքը ճանապարհների վերահսկողության մասին է»,- ենթադրում է թերթը։
Միրզոյանը, ըստ հրապարակման, հայտարարել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Մոսկվայի մտադրություններն իրականություն չդառնան, բայց միևնույն ժամանակ՝ ակնարկել է, որ Արևմուտքի անվերապահ աջակցությունն այլևս չկա։ Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Եթե Պուտինի ընկեր Թրամփն իշխանության գա, ապա Հայաստանը կհայտնվի ոչ այնքան նախանձելի իրավիճակում»,- հավելել է «Հրապարակ»-ը։
Մեկնաբանելով նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ Միրզոյանը հայտարարել է, որ վերջնական որոշում չկա՝ ընդգծելով, որ Երևանի մասնակցությունն այդ միջոցառմանն ինքնանպատակ չպետք է լինի։ Ավելին, եթե իրենք պատրաստվում են մասնակցել, ապա փոխարենը պետք է ինչ-որ բան ստանան, եթե ոչ փաստաթղթի ստորագրում, ապա գերիների վերադարձի տեսքով»,- եզրափակել է ԶԼՄ-ն։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հանձնաժողովները համատեղ գործունեության կանոնակարգ էին ստորագրել։ Հանձնաժողովները համաձայնեցրել էին փաստաթղթի տեքստը՝ ապրիլի 19-ին ստորագրված իրենց ութերորդ հանդիպման արձանագրության համաձայն։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու նախագծին։