Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ, 3 հոդվածները համաձայնեցված են մասնակի, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ պայմանագրի առաջին-երկրորդ խմբագրումների ժամանակ 18 հոդված էր։
«Ինչ-որ հոդվածներ դուրս են եկել։ Օրինակ՝ Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների մասին հոդվածի դուրս գալու մասին։ Այսինքն՝ մնացել է 17-ը։ Կարևոր է, որ մենք չընկալենք, թե ի սկզբանե նախագիծը կազմված էր 30 հոդվածից, հիմա մենք ասում ենք՝ 30-ի կեսը հանենք»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն առաջարկել է ստորագրել պայմանագիրը, քանի որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։
«Համաձայնեցված դրույթ կա, որ ասում է՝ կա մեխանիզմ, որն այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիաների մեջ են լինելու, կամ հանձնաժողովի նման մարմին է լինելու և դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում»,- պարզաբանել է նա։
Վարչապետի խոսքով՝ մեկ պայմանագրով միևնույն է՝ հնարավոր չէ լուծում տալ բոլոր հարցրին։ «Աշխարհում չկա մի այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Եթե կանխավարկածը պետք է լինի, որ բոլոր կարևոր հարցերը համաձայնեցնենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»,- ասել է Փաշինյանը։
Պարզաբանելով Ալմաթիի հռչակագրի՝ սահմանազատման հիմք հանդիսանալուն, Փաշինյանը հղում է արել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը և վերահաստատել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն այդ հռչակագրի բազային սկզբունքներով։
«Սա է պաշտոնական հայտարարությունը և որևէ այլ բանի անդրադառնալ չեմ կարծում, որ ճիշտ է»,- նշել է վարչապետը։
Ավելի ուշ, ի պատասխան պատգամավորի՝ Հայաստանի առաջարկների պարզաբանման խնդրանքին, Փաշինյանը նշել է, որ Երևանն առաջարկել է Բաքվին 16 հոդվածով խաղաղության պայմանագիր:
Նրա խոսքով՝ հանդիպել է կարծիքի, թե ՀՀ կառավարությունն առաջարկել է 13 հարցից բաղկացած խաղաղության պայմանագիր։
«Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց խաղաղության պայմանագիր։ Բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։ Երեք հոդվածի բովանդակությունն ի սկզբանե մասամբ էր համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ։ Այսինքն, 13+3` 16 հոդվածով պայմանագիր»,- պարզաբանել է վարչապետը։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։
Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։
Մանրամասները՝ տեսանյութում։