ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։
«Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»,- նշել է վարչապետը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում։
Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և դա համարում Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը:
«Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասել է նա:
Հունվարի 26-ին Փաշինյանը և այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ստորագրել էին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաշինյանը համաձայնագիրն անվանել էր Երևանի և Թբիլիսիի վերջին տարիների ջանքերի «ձեռքբերում». Կողմերը պայմանավորվել էին գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման ուղղությամբ։