Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով, որ երկրների հարաբերությունների զարգացումը երկու երկրների ժողովուրդների օգտին է։
«Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը համապատասխանում են երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասված է ուղերձում։
ՌԴ նախագահը Հայաստանի բոլոր քաղաքացիներին երջանկություն և բարեկեցություն է մաղթել։
Անկախության տոնի առթիվ շնորհավորել է նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
«Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,- նշել է Միշուստինը։