Քանի դեռ Հայաստանում «ռևանշիստները չեն հաշտվել» 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների հետ, Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը Բաքվի առաջնահերթ խնդիրը կմնա, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հավելել է, որ Բաքուն նախատեսում է ընդլայնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների աշխարհագրությունը:
«Ավելացրել ենք մեր ռազմական հզորությունը, ստեղծվել են հատուկ նշանակության ուժեր, որոնք տարեցտարի աճում են և աճելու են։ Հայաստանը և նրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ հնարավոր չի լինելու խոսել շանտաժի և վերջնագրի լեզվով: Մենք պատրաստ ենք և ունակ ենք ցանկացած պատասխան տալ»,- սպառնացել է նա։
Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը կապել է Հայաստանի իշխանությունների «ռևանշիզմի» հետ։ Ալիևը բողոքել է նաև Երևանի հետ խաղաղ բանակցությունների դանդաղ տեմպերից։ Նրա խոսքով՝ Հայաստանը պայմանագրի նախագծի իր տարբերակից «բացառել է» Ադրբեջանի հետ չհամաձայնեցված դրույթները։
«Խաղաղության պայմանագրի տարբերակի առաջին փոխանակումից մի քանի ամիս անց մենք ակնկալում էինք, որ Հայաստանն իր մեկնաբանությունները մեզ կտա ավելի օպերատիվ և ճկուն, բայց հակառակը տեսանք։ Մենք ստիպված էինք 70 օր սպասել, որպեսզի նրանցից վերջնական տարբերակն ստանանք։ Բոլոր չհամաձայնեցված դրույթներն իրենց տարբերակով հանել են խաղաղության պայմանագրից»,- նշել է Ալիևը։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։
Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։