ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է քննարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանության հարցը։ Նիստը սկսվել է ժամը 11:00-ին։
ՍԴ դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողներին ասաց, որ մասնակցելու է քննարկմանն ու իր նկատած խնդիրները խորհրդակցական սենյակում կբարձրաձայնի։
«Եթե խնդիրներ նկատեմ, առաջին հերթին պետք է խորհրդակցական սենյակում բարձրացնեմ, նոր լրատվամիջոցներին հայտնեմ»,- նշեց նա։
Թովմասյանը շեշտեց, որ խնդրահարույց հարցեր «իհարկե տեսնում է»։
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագծին։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ կառավարությունը ՍԴ է ուղարկել հանձնաժողովների կանոնակարգի մասին դրույթը:
ՍԴ-ի եզրակացությունից հետո փաստաթուղթը կընգրկվի Հայաստանի խորհրդարանի օրակարգում։