Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Սեպտեմբերի 26-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին գրել էին թուրքական ԶԼՄ-ները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարարը սեպտեմբերի 22-ին մեկնել էին ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, բարձր մակարդակի քննարկումներին, որոնք մեկնարկել են սեպտեմբերի 24-ին և կավարտվեն սեպտեմբերի 30-ին։
Սեպտեմբերի 24-ին Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր լիցք հաղորդելու պատրաստակամություն։
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսին՝ Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների փուլում։
Սեպտեմբերի 10-ին Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում տեղեկացրել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։