Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները՝ մինչև Բաքվում կայանալիք COP29-ը՝ այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանն ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն։ Փաշինյանը նաև ընդգծել է Ադրբեջանի հետ բանակցությունների դրական տեմպից օգտվելու պատրաստակամության մասին, ընդգծել, որ հայկական կողմը պատրաստ է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակել սահմանազատումը երկրների սահմանին՝ հիմք ընդունելով օգոստոսի 30-ին երկրների կողմից ստորագրված կանոնակարգը։
«Ես և իմ գլխավորած կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխարկեպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, խաղաղության և կայունության»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 5-ին Երևանը հավանություն էր տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին նախագծին:
Փաշինյանը հիշեցրել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, որը, նրա խոսքով, ուղղված է տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդմանն ու տարածաշրջանի երկրների քաղաքական երկխոսության խթանմանը:
«Նախագիծն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը, ինչը կնպաստի քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ բոլոր ժողովուրդների»,- եզրափակել է նա։
Նրա խոսքով՝ համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։
«Շարունակելու ենք ականատես լինել հակամարտությունների աճին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա։ ՄԱԿ-ը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում»,- հավելել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 10-ին Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։ Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ «Երևանը պայմանագրի բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։