Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը»,- ասված է հրապարակման մեջ։
ԱԳՆ-ից հավելել են, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին, խոսել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի սկզբունքներից։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։
Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանին ու Բաքվին հաջողվել է համաձայնեցնել երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքների անկյունաքարային բովանդակություն ունեցող դրույթները։ Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ «Երևանը պայմանագրի բոլոր չհամաձայնեցված դրույթներն իր տարբերակով հանել է խաղաղության պայմանագրից»։