Ամերիկաբնակ հայազգի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ իշխանություններն իրեն վստահեցրել են, թե աշխատում են Բաքվում պահվող բանտարկյալների՝ այդ թվում Ռուբեն Վարդանյանի վերադարձի ուղղությամբ։
«Մեր կառավարությունն ինձ առօրյա պնդում է, որ պահանջում են բանտարկյալներն ազատումը, տա Աստված, որ իրենց գործունեությունը հաջողի և այդ հրաշքը շուտով տեսնենք։ Աղոթում եմ, որ եթե COP29-ին հայկական կառավարության անդամ գնա, բանտարկյալներով վերադառնա»,- նշել է նա։
Աֆեյանը նշել է, որ 24 տարի աշխատել է Վարդանյանի հետ և չի տեսել «այն հեքիաթներից որևէ հետք», որի մեջ իրեն մեղադրում են։
«Ինձ համար դժվար է ընդունել, որ նրան որևէ մեկը կարող է անվանել իբր այլ ծրագրերի պատկանող անձ, նա նվիրված հայ է։ Նա Արցախի վիճակով անհանգիստ գնաց Արցախ, կյանքը վտանգեց։ Արցախ գնալով՝ Ռուբենը գիտեր, որ կարող է մի օր բանտարկվի, Հիսուսի օրինակով խաչի վրա հանվի՝ որպես նահատակ, ես ուզում եմ, որ դա չպատահի»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում խոսել էր Վարդանյանի մասին և ասել՝ «ո՞վ է նրան Հայաստան ուղարկել, ո՞վ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով և ի՞նչ երաշխիքներով»:
Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել էր՝ նշելով, որ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և ընդունել հանրապետության պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը, քանի որ մտահոգված էր Արցախի և նրա ժողովրդի ճակատագրով։
Նա հավելել էր, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունեցել իրեն հարցեր ուղղել 2022 թվականի նոյեմբերին՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ, երբ գործարարը դեռ Արցախի պետնախարարն էր, բայց նա դեռ պատրաստ է պատասխանել նրա ցանկացած հարցին։
Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։