ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու է ՀՀ խորհրդարանական ընդդիմությանն արգելել Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագծին ծանոթանալ։
Նրա խոսքով՝ ինքը հրահանգել է թույլ չտալ ընդդիմադիր պատգամավորներին ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները, կարդալով համաձայնագրի տարբերակները, սկսել են իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարություններ անել։
«Ես արգելել եմ, լավ եմ արել։ Դուք գնաք տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ գանք՝ սուսուփուս նստե՞նք։ Այսինքն՝ ո՞րն է տրամաբանությունը»,- ասել է վարչապետը։
Նա պարզաբանել է, որ հանրությանը փաստաթղթի համաձայնեցված դրույթները չներկայացնելը ոչ թե գաղտնիքի, այլ դիվանագիտական կոռեկտության հարց է։ Իրականում, ըստ Փաշինյանի, բոլոր դրույթներն էլ տարբեր հանրային ելույթներում բավարար բացահայտվել են։
«Այն կողմին, որը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասել, որ խախտված են էթիկայի բոլոր նորմերը։ Ասում եք՝ ոչ կոռեկտ են մեր նկատմամբ, այդ ոչ կոռեկտությունը նպատակ ունի մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության և նպատակադրումների ռելսերի վրա։ Սա անձնական հարց չէ, պետական հարց է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։
Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։ Օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության պայմանագիր։