Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված հողերը, քանի որ երկու երկրների միջև սահմանազատման փաստաթուղթը թույլ է տալիս դա անել խաղաղ ճանապարհով։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:
«Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դե յուրե ստանձնել դրա վերաբերյալ պարտավորությունները։ Ավելին, Հայաստանը հայտարարել է, որ չի պատրաստվում անգամ ռազմական ճանապարհով վերադարձնել իր օկուպացված տարածքները, քանի որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում ստորագրված փաստաթուղթը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի սահմանազատման գործընթացը տեղի ունենա օրինական և իրավական հիմքերով»,- ընդգծել է Փաշինյանը։
Միաժամանակ, վարչապետը վստահ է, որ Ադրբեջանը ցանկանում է օգտվել Հայաստանի ճանապարհներից, բայց, միևնույն ժամանակ, ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ։
«Թվում է՝ սա անհեթեթ ձևակերպում է, բայց Բաքվի հայտարարությունների վերաբերյալ մեր վերլուծությունը ցույց է տալիս հենց սա՝ Հայաստանի ճանապարհները կբացվեն, բայց Հայաստանը կշարունակի մնալ շրջափակման մեջ։ Հասկանալի է, որ սա ինքնին անտրամաբանական մոտեցում է։ Եվ այս մոտեցումը Հայաստանի համար ընդունելի լինել չի կարող»,- պարզաբանել է Փաշինյանը։
ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ըստ Փաշինյանի, «անհանգստացնում է Ադրբեջանին, քանի որ այն կարող է տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ բերել Հայաստանին»։ Նա նշել է, որ այս փաստը կարող է պատճառ հանդիսանալ Բաքվի երկու անհանգստության։
«Եթե Ադրբեջանն անկեղծորեն հավատում է, որ Հայաստանը ռազմավարական տեսանկյունից ագրեսիվ ծրագրեր ունի իր նկատմամբ, ապա դա կարող է ընկալում ստեղծել, որ այդ տասնյակ միլիոնավոր դոլարները կարող են օգտագործվել Բաքվի դեմ։ Եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի, ապա Բաքուն կարող է անհանգստանալ, որ այդ միջոցները կօգտագործվեն Հայաստանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար, և Ադրբեջանը կարող է խնդիրների բախվել Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ ծրագրերն իրականացնելու ընթացքում»,- պարզաբանել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի մտավախությունները կարելի է փարատել, քանի որ Հայաստանն իր ամենաբարձր մակարդակով վարած քաղաքականությամբ հայտարարում է, որ Ադրբեջանի և, ընդհանրապես, տարածաշրջանի երկրների նկատմամբ ագրեսիվ նկրտումներ չունի։
2023թ․ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» շահառու են։ 2023թ․ մայիսի 3-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չպետք է տարածքային նկրտումներ ունենա և սա համարել էր պետություն ունենալու միակ սկզբունքը։