ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ՝ գնահատելու համար, թե որքանո՞վ է Հայաստանը կատարում իր պարտավորությունները՝ իր տարածքով անցնող տարածաշրջանային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծում Ռուսաստանի դերը։
Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով:
Վարչապետն այսպես է բացատրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ սահմանապահ ծառայությունը։
«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի ինչ–որ գործառույթ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ եռակողմ հայտարարությունը չի կարող դիտարկվել մեկ կետի մակարդակում, երբ կան այլ խնդրահարույց հարցեր։
«Եկեք անդրադառնանք մնացած կետերին. որտե՞ղ է այժմ Լաչինի միջանցքը։ Որտե՞ղ են հիմա այն խաղաղապահները, որոնք պետք է տեղակայվեին Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում: Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։