Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, էներգետիկայի և ջրամատակարարման նախարար Էլի Քոհենը հայտարարել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ կապերի ամրապնդման մասին։
Նա Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովի հետ քննարկել է այդ ոլորտում համագործակցության ընդլայնումը։ «Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ ռազմավարական են, և ես մտադիր եմ շարունակել աշխատել մեր երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Քոհենը։
Ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը որոշիչ էր սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հաջողության գործում։ Նրանց տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելը 10 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա էր վաճառել Ադրբեջանին։
2023 թվականի նոյեմբերին Defense Industry Europe-ն տեղեկացել էր Իսրայելից Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր գնելու Բաքվի պլանների մասին՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում: