ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ՏԿԵՆ-ը մանրամասներ չի հայտնել Ստամբուլում ընթացող Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման մասին։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի նիստում, Սանոսյանը հայտնել էր, որ տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
Նախարարը շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար:
Նրա խոսքով՝ առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նա հավելել է, որ ՀՀ-ն պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: