Վրաստանի ընդդիմադիր «Լելո» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն ներողություն է խնդրել հայերից կառավարամետ POSTV հեռուստաընկերության «զրպարտության» համար, հայտնել է «Էխո Կավկազա»-ն։
TV-ի թղթակիցը հարցրել էր Խազարաձեին, թե ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը, իսկ հեռուստաընկերությունը հրապարակել է «Խազարաձեի հայկական Շալախոն» տեսահոլովակը և հարցազրույց երևանցու հետ, որը ներկայացվել է որպես ընդդիմադիրի ազգական։
«Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանքի» անբարոյական ֆոբիկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստացած են կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են»,- նշել է քաղաքական գործիչը։
Խազարաձեն նաև մեղադրել է նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին ընդդիմադիրի դեմ երկար տարիներ «ռուսական և ՊԱԿ (КГБ)-ի քարոզչության մեջ»:
«Կեցցե՛ վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե՛ հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան և ՊԱԿ-ը պետք է ավարտվեն հոկտեմբերի 26-ին»,- եզրափակել է Խազարաձեն։
Հոկտեմբերի 11-ին Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին մեկնաբանել էր իրավիճակը և հայտարարել, որ թեև լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, սակայն «դրանք չպետք է խտրական լինեն»։ «Կարևոր չէ, թե Վրաստանի քաղաքացին որ էթնիկ խմբին է պատկանում. Սահմանադրությամբ և օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- գրել էր նա Facebook-ում։