Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցույց է տվել «պատմության մասով իր անտեղյակությունը և անհարգալից վերաբերմունք դրսևորել»՝ հայտարարելով, որ Իսրայել պետությունը գոյացել է ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա ցույց է տալիս պատմության անտեղյակությունը և հարգանքի բացակայությունը: ՄԱԿ-ը ճանաչել է հրեա ժողովրդի պետականության իրավունքը, բայց, իհարկե, չի ստեղծել այն»,- Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Իսրայելը պետականություն է ձեռք բերել Անկախության պատերազմի արդյունքում։ Նեթանյահուն հավելել է, որ ՄԱԿ-ը «չի մասնակցել 1948 թվականի պատերազմին», սակայն դրան մասնակցել են մարդիկ, ովքեր «փրկվել են Հոլոքոստից և Վիշիի ռեժիմից»։ Վերջին դեպքում խոսքը Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարության մասին է, որը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ գերմանական օկուպացիայի ժամանակ։
«Հետևաբար, ասել, որ ՄԱԿ-ն ստեղծեց Իսրայել պետությունը, պատմության ճնշող խեղաթյուրում է»,- եզրափակել է Նեթանյահուն:
Ավելի վաղ Le Parisien թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նախարարների խորհրդի փակ նիստում Մակրոնն ասել էր, որ Նեթանյահուն պետք է հիշի հրեական պետության ստեղծման հանգամանքները, որոնք ի հայտ են եկել ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա։ Պարբերականը նշում է, որ նախագահն այս հայտարարությունն արել է լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման դեմ Իսրայելի գործողությունների համատեքստում, որոնք իրականացվում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի տեղակայման վայրերում և Իսրայելի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ կանչելու համատեքստում։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: