ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել մինչև տարեվերջ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանն աջակցելուն, որը վերջապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»,- ասվում է Բայդենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում:
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» ֆորումում, երրորդ անգամ դիմել էր Բաքվին՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով ստորագրել խաղաղության համաձայնագիր, ստանալ «հիմնարար փաստաթուղթ», ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը։ Նույն օրը Բաքուն «անընդունելի» էր անվանել Երևանի այս առաջարկը։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել էր, որ Երևանն առաջարկում է Բաքվին ստորագրել 16 հոդվածից բաղկացած խաղաղության պայմանագիր։ Սեպտեմբերի 26-ին Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր մինչև Բաքվում կայանալիք COP29-ն արդեն համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրել։
Հոկտեմբերի 14-ին Ալիևն «իրականությունից հեռու» էր անվանել Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների հիման վրա խաղաղություն ստորագրելու և չհամաձայնեցվածները հետագային թողնելու վերաբերյալ։