Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, «Հրապարակ» օրաթերթին հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը համաձայնել է Ալիևի դիրքորոշման հետ։
«Գերիների հարցը պայմանագրից դուրս թողնելը Փաշինյանը պատճառաբանել է այն հանգամանքով, թե գերիների հարցը պետական մակարդակով բարձրացնելն Ալիևի ձեռքին բանակցություններում զենք կդառնա»,- գրել է թերթը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մարտի 9-ին Hartford Courant-ը պատմել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոշտանգումների մասին: Հունիսի 14-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ նրան Բաքվի բանտում խոշտանգում են։