Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար, «Ազատության»-ը հայտնել է Երևան-Անկարա կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահը միևնույն ժամանակ նշել է, որ հանդիպման օրը դեռ հստակ չէ: Խորհրդարանում Ռուբինյանը լրագրողներին ասել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի պատրաստակամության մասին։
«Հայկական կողմը պատրաստ է հենց վաղը բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ և ակնկալում ենք, որ դրանք կիրագործվեն»,- հավելել է նա։
Ռուբինյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ 6-րդ հանդիպման վերաբերյալ պայմանավոածություն չկա։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել։ 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Չորրորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։