Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը հաստատելու հրամանագիր է ստորագրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքը։
ՀՀ ԱԳՆ-ն օգոստոսի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները համատեղ գործունեության մասին կանոնակարգ են ստորագրել: ՀՀ կառավարությունը փաստաթուղթը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրինագծին և ներառել ԱԺ նիստերի օրակարգում։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները: