Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, հայտնում են կառավարությունից։
Փաշինյանը վրաց ժողովրդին անշեղ զարգացում և կայուն առաջընթաց է մաղթել։
«Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»,- ասված է Փաշինյանի ուղերձում։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ 2 երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի ու Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 54,09%-ը։ Ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան» հավաքել է ընտրողների ձայների 37,6%-ը, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը՝ 7,76%։
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի ընդդիմությունը հայտարարել էր ընտրության նախնական արդյունքները չընդունելու մասին։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։