Politico պարբերականը բացահայտել է օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքը խախտելու Ադրբեջանի փորձերը։ Պարբերականը գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը Բաքուն ավելի շատ հանցագործության վայր, քան դիվանագիտական առաքելություն է օգտագործում։
Պարբերականը նոր տեղեկատվություն է հրապարակել ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության մասին՝ ընդգծելով օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) շրջանցելու Ադրբեջանի փորձերը, որը պարտավորեցնում է բացահայտել օտարերկրյա ազդեցության ջանքերի մասին տեղեկատվությունը:
«Մինչև 2023 թվականն Ադրբեջանը համագործակցում էր Friedlander Group-ի հետ, որին վճարում էր 41 666 դոլար՝ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար։ Այնուամենայնիվ, ընկերության հաջողություններից դժգոհություն է առաջացել, ինչից հետո ադրբեջանցի պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել լոբբինգի լրացուցիչ հնարավորությունները»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ հրապարակման՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դիմել է առնվազն ևս մեկ լոբբիստական ընկերության:
«Ներգրավված լոբբիստներից մեկի խոսքով՝ արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընկերությանը տեղեկացրել է, որ պայմանագրի կնքումը կախված կլինի նրանից, թե ընկերությունն արդյոք կխուսափի FARA-ից։ Այս հարցադրումն ընկերությանը ստիպել է հրաժարվել հետագա քննարկումներից և բաց թողնել Ադրբեջանի դեսպանատանը նախատեսված հանդիպումը: Երկրորդ լոբբիստը հաստատել է նմանատիպ փորձը՝ ասելով, որ իրենց խնդրել են կազմակերպել հանդիպումներ, իսկ FARA-ում գրանցվելուց խուսափելու առաջարկը ստիպել է նրանց վերանայել իրենց մասնակցությունը»,- հավելել է պարբերականը։
Պարբերականը շեշտել է, որ գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի համար կրիտիկական պահին։
«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շարունակվող խաղաղ բանակցություններին, համաձայնություն դեռ ձեռք չի բերվել: Իրավիճակն էլ ավելի է խորանում, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ ամիս Բաքվում անցկացնել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29)։ Այս ամենի հետ մեկտեղ Բաքուն լարված դիվանագիտական վարքագիծ է դրսևորում»,- եզրափակել է պարբերականը։