Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է, սակայն դեռ վերջնական որոշում չկա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նրանց թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ինչպես նաև ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
ՔՊ կուսակցության հոկտեմբերի 31-ի նիստում, թերթի տեղեկություններով, ՔՊ երիտասարդ անդամների մի խումբ Քոչարյանին մեղադրել է խարդավանքների մեջ։
«Նրանք հայտարարել են, որ Քոչարյանը խմբակցության ներսում փորձում է բոլորին միմյանց դեմ հանել։ Որոշներն էլ բարձրացրել են ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչն արգելված է օրենքով»,- ասված է հրապարակման մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՔՊ ներկայացուցիչներից ոմանք էլ բարձրացրել են Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը։
Հոկտեմբերի 29-ին «Ազատությունը» հայտնել էր, որ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց էր բարձրացվել, ավելի ուշ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ իրենց օրակարագում նման հարց չկա։
Հոկտեմբերի 30-ին «Ժողովուրդը» գրել էր, որ իշխող թիմում հարաբերությունները սրվել են Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից հետո։ Ըստ թերթի՝ Քոչարյանը Փաշինյանին դժգոհել էր, որ հոկտեմբերի 15-ին իր նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորից միայն մի քանիսն էին։ Նույն լսումների ժամանակ վիճաբանել էին ՔԿ ղեկավարն ու Աղազարյանը։ Վերջինս ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։ Հոկտեմբերի 28-ին միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։