Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Այն պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրությունն է, մանրամասնել է ԱԳՆ խոսնակը։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են։ Օգոստոսի 31-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ-ն նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։