Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱՄՆ քաղաքականության վերլուծությունն անշնորհակալ և անլուրջ աշխատանք է համարում։ ԱԺ-ում լրագրողներին նա այսպես է արձագանքել՝ պատասխանելով հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի (ոչ պաշտոնական-խմբ․) հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին։
Թրամփն Արամ Ա Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր արցախահայությանը սատարելու մասին՝ օգտագործելով «Արցախ» անվանումը, «էթնիկ զտումներ» տերմինը։
Պապոյանը չի մեկնաբանել, թե Թրամփի հավանական հաղթանակն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանին առնչվող ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Նա հարցը «սիրողական» է որակել։
«ԱՄՆ քաղաքականության վերլուծությունն, ըստ իս, անշնորհակալ գործ է։ Ամենայն հարգանքով, բայց միշտ լուրջ չեմ վերաբերվել հարցերին, թե, օրինակ, ի՞նչ կլինի, եթե այս կամ այն թեկնածուն հաղթի։ Սա սիրողական հարց է։ ԱՄՆ-ն իր օրակարգով, իր հզոր ինստիտուտներով պետություն է։ Մեր քաղաքական առաջնահերթությունների շարքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, Թուրքիայի հետ դիվանագիտություններ հաստատելն է, ինչպես նաև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսության շարունակական աճի ապահովումն է։ ԱՄՆ-ի հետ մեր հաբերությունները ջերմ են, և այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվելու։ Մենք նաև դեպի ռազմավարական գործընկերություն ենք գնում»,- հավելել է նախարարը։
Հոկտեմբերի վերջին Թրամփն ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Քամալա Հարիսիին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում անգործության և Արցախից հայերի հարկադիր արտագաղթի մեջ։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։ Ըստ հեռուստաալիքի՝ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը դեռ ունի 226 ձայն։