Երևանն ու Բաքուն դեռ վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի տեքստի բոլոր կետերի շուրջ, լրագրողներին հայտնել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացն ակտիվացել է և հիշեցրել է, որ բանակցությունները երկար ժամանակ ընթանում են երկկողմ ձևաչափով՝ առանց երրորդ երկրների մասնակցության։
«Բայց կան գործընկերներ, որոնք իսկապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ, և նրանք փորձում են դրական ներդրում ունենալ այս օրակարգում»,- ասել է փոխնախարարը։
Կոստանյանը վստահեցրել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը չի մտնում խաղաղության պայմանագրի տեքստի մեջ։ Խաղաղության պայմանագրի տեքստը նաև հոդված չի պարունակում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, հավելել է նա։
«Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Մենք արդեն տեղեկացրել ենք հանրությանը, որ երկու երկրների փոխվարչապետերը սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո առանձին քննարկել են այս հարցը»,- ասել է Կոստանյանը։
Հայաստանի ԱԳՆ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Դեռևս որոշում չկա Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովին (COP29) Հայաստանի մասնակցության վերաբերյալ, հավելել է նա։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրում):
Սեպտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են։ Օգոստոսի 31-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրել էր, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ-ն նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։
Հունիսի 6-ին Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։