Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ 2023 թվականի հունիսին մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների գործնական վերականգնմանը, սակայն արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ ձևաչափերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ եռակողմ հիմքի վրա ակտիվ աշխատանք էր ընթանում, բազմաթիվ հարցերի շուրջ հնարավոր դարձավ հասնել իրական լուրջ արդյունքների։ Օրինակ՝ 2023 թվականի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ էինք տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների գործնական վերականգնմանը, բայց Արևմուտքի ճնշման տակ Երևանը սառեցրեց իր մասնակցությունը խմբային, այնուհետև՝ բոլոր եռակողմ ձևաչափերում»,- ասել է նա՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը։
Զախարովան հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ օգնություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ եռակողմ համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, քանի որ Մոսկվան ունի պատմական, տնտեսական, հումանիտար և ֆինանսական շահեր Հարավային Կովկասում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, հանդես գալով որպես հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ, «ինքնուրույն ոչինչ չեն կարողացել մտածել», այլ միայն «պատճենել են Մոսկվայի աշխատանքները և խեղաթյուրել դրանք իրենց հարմար ձևով փոփոխելու հույսով»։
Զախարովան նաև մեղադրել է արևմտյան երկրներին տարածաշրջանից ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին և Թուրքիային դուրս մղելու փորձի մեջ։