Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպումը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ և տևել է մի քանի ժամ։
«Հայկական պատվիրակությունից հանդիպմանը մասնակցել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը»,- ասված է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 24-ին Երևան-Անկարա կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության»-ը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար։
Ռուբինյանն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Չորրորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։