Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման խոչընդոտներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացնելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Խնդիրն այն է, որ ընտրությունների կազմակերպումն առանց գործող համայնքապետի հնարավոր չէ, իսկ համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 28-ին։ ՏԻՄ օրենքով՝ նախընտրական փուլում համայնքապետն է որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերը, ապահովում տեղամասային կենտրոնում բնականոն քվեարկության համար անհրաժեշտ կահավորումը։ Համայնքապետն է վերացնում ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները։ Ստացվում է, եթե անգամ ընտրությունների օր նշանակվի, համայնքը ղեկավար չունի, որպեսզի այս գործառույթներն իրականացնի»,- ասված է հրապարակման մեջ։
Սա է պատճառը, որ ՔՊ-ն, թերթի տեղեկություններով, ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու մտադրություն ունի։
«Այդուհանդերձ, ՔՊ-ում այսպիսի փոփոխություններ կատարելու համար իրավաբանների հետ դեռ քննարկումներ են անցկացվում»,- հավելել է թերթը։
Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։
Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն իշխող ուժի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։