Կառավարությունն Արտաքին հետախուզության ծառայությանը լիազորություն է տվել անհատներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու թույլտվություն տրամադրել առանց Ազգային անվտանգության ծառայության միջնորդության։ Նախարարների կաբինետը համապատասխան որոշումը կայացրել է նոյեմբերի 15-ին կայացած նիստում։
Նախկինում միայն Ազգային անվտանգության ծառայությունը կարող էր տրամադրել պետական գաղտնիքներին հասանելիության թույլտվություն, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել, եթե նման մուտք ունեցող անձանց նկատմամբ կասկածներ առաջանային։
Որոշումը հիմնավորելով՝ կառավարությունը նշել է, որ արտաքին հետախուզությանն իր նպատակների համար անհրաժեշտ է որոշակի գործառույթներ ինքնուրույն իրականացնելու հնարավորություն՝ առանց ԱԱԾ միջնորդության և վերահսկողության։ Այս կապակցությամբ տրվել է նաև նման անձանց նկատմամբ օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնելու լիազորություն:
Որոշման համաձայն՝ հնարավոր խախտումները բացահայտելու և կանխելու միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել միայն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ համաձայնեցված դեպքերում։
Նախարարների կաբինետը մեկ այլ որոշմամբ սահմանել է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը փոխանցվում է Պաշտպանության նախարարության սուբյեկտներին։ Պետական գաղտնիք պարունակող տվյալներին հասանելիության իրավունք ունեցող սուբյեկտներն այսուհետ համապատասխան թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն ՊՆ, իսկ պաշտպանության վարչությունը հարցումը կհամաձայնեցնի ԱԱԾ-ի հետ։
2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել երկրի Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծին, որն անմիջականորեն զեկուցելու էր Հայաստանի վարչապետին։ 2023 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար էր նշանակել նախկին օմբուդսմեն Քրիստիննե Գրիգորյանին։
Ադրբեջանին կոչ ենք անում հարգել բանտարկյալների իրավունքները․ Պետքարտուղարություն
Ադրբեջանին հետևողականորեն կոչ ենք անում հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները, լրագրողների...