ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշել էր, որ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, ով երբևէ որևէ ձևաչափով չի գտնվել Սպիտակ տանը և ոչ մի հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել Միացյալ Նահանգների նախագահի կամ փոխնախագահի հետ։
Նոյեմբերի 6-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Նոյեմբերի 7-ին Սարգսյանը կանխատեսել էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կասկած էր հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կցանկանան համագործակցել ԱՄՆ հանրապետականների հետ։ Նա նշել էր, որ հայ համայնքը, լոբբիստները և եկեղեցին կարող են աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ անմիջական շփման փորձ ունեն։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի վրա, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Փորձագետն ընդգծել էր, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կարող է կամ վերարտադրել Թրամփի առաջին վարչակազմի ընթացքը, կամ ամբողջությամբ փոխել։