Գյումրու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Սարուխանյանի թմրանյութերի թեստը դրական արդյունք է տվել, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ թեստ հանձնելու հանձնարարական է տվել Սարուխանյանին։
«Երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ»,- գրել է թերթը։
Սարուխանյանը թերթին ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է թեստի դրական արդյունքի մասին տեղեկությունը, միայն հարցրել է, թե «փակ նիստից ո՞նց կարող եք դուք բաներ իմանալ»։
Թերթը գրել էր նաև, որ Փաշինյանի հանձնարարականի պատճառը Սարուխանյանի քեռու որդու՝ Վարուժ Խոջումյանի ձերբակալությունն է, որը կասկածվում է թմրանյութ օգտագործելու մեջ։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։
Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։