ՔՊ-ն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց։ Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ և ստացել դրական եզրակացություն։
ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ծագել է դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների զանգվածային սպառման վերաբերյալ հանրային անհանգստության պատճառով։ Նրա խոսքով, առաջարկվող փոփոխություններն ուղղված են 18 տարեկանից ցածր մարդկանց առողջության պահպանմանը և էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերի նվազեցմանը։
Ղազարյանը, վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները, նշեց, որ դեռահասների 40%-ն ամեն շաբաթ խմում է էներգետիկ ըմպելիքներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջության վրա։
«Մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչեւ 18 տարեկան անձանց և սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաեւ արգելել մինչեւ 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը»,- նշել է պատգամավորը։
Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար։