Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Հայաստանի խնդրանքով դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։
Բադալյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենա ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին՝ Սանկտ Պետեբուրգում»,- նշել է Բադալյանը:
Ուշակովը նոյեմբերի 26-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԵԱՏՄ-ում 2024 թվականին նախագահում է Հայաստանը։ Ուշակովը նաև ասել էր, որ գագաթնաժողովը ՌԴ-ում անցկացնելու որոշումը կայացվել է Հայաստանի խնդրանքով։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։ Նա նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ։
Հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցել էր Հայաստանին։
Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացն զգալիորեն ձգձգվել է։ Վարչապետը նշել էր, որ իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն իր անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ։