ԱԺ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ անընդհատ ՔՊ պատգամավորներ են այցելում, ոմանք՝ աջակցելու նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նրանք քաջալերում են Աղազարյանի որոշումը՝ դեմ գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին և վայր չդնել պատգամավորական մանդատը։ Իսկ ոմանք ահաբեկված խորհուրդ են տալիս «կրակի հետ չխաղալ և չդառնալ վարչապետի թշնամին»։
Լրատվականի թղթակիցը հայտնել է, որ Սերգեյ Բագրատյանն ու Գագիկ Մելքոնյանն են տևական ժամանակ «փակվել» Աղազարյանի սենյակում: Ըստ թերթի՝ որոշ պատգամավորներ մոտեցել և խնդրել են օրաթերթին, որ իրենց աջակցության կամ այցերի մասին տեղեկություն չհրապարակեն։
Օրաթերթի հարցին՝ իր աջակիցնե՞րն են ավելի շատ, թե՞ մանդատը վայր դնել հորդորողները, Աղազարյանը պատասխանել է, որ «չի հաշվել, առաջիկա օրերին կհաշվի՝ կասի»։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Աղազարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Քյարամյանն անուններ տա, ինքը մանդատը վայր կդնի։
ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել է «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: