Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից Հայաստանի բացակայությունը բնութագրում է ՀԱՊԿ-ին, հաղորդում է Belta-ն։
Նրա խոսքով՝ դա ընդգծում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը։
«Այսօր առաջինը ելույթ ունենալու պատիվ ունեցա, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում (ՀԱՊԿ առաջնորդները գագաթնաժողովում հանդես են գալիս այբբենական կարգով, և եթե գագաթաժողովին Հայաստանի ներկայացուցիչ լիներ, նա առաջինը ելույթ կունենար-խմբ.): Հայաստանի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը»,- հայտարարել Է Լուկաշենկոն։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։