Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն համայնքապետի ընտրությունը տապալելու միջոցով մտադիր է նոր ընտրություններ անցկացնել, գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ ավագանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նիստ կանցկացնի համայնքապետի ընտրության օրը որոշելու համար: Եթե 14 օրում ավագանու կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ կլինեն, նշել է թերթը։
«ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն»,- նշել է թերթը։
Փարաքարում իր թեկնածուին է առաջադրելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը թերթին հայտնել է, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին չեն ընտրելու:
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին։ ԶԼՄ-ները նրա հրաժարականը կապել են նոյեմբերի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության հետ։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա Արթուր Մանուկյանը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավարը։ Նա, ըստ աղբյուրի, ոտքի հրազենային վնասվածք էր ստացել։ Թերթը նաև հայտնել էր, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։
Նոյեմբերի 16-ին ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 ժամկետով) հատկանիշներով։
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։