«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցի քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածու, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախնական ընտրությանը կմասնակցեն Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը, Կարեն Սարուխանյանը»,- գրել է Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ թեկնածուներն այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին:
«Նախնական քվեարկության արդյունքներով՝ առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար»,- եզրափակել է վարչապետը։
Նոյեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմըրիզ) անցկացնելու մասին։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն ՔՊ պատգամավոր Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։ Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը մեկնաբանել էր թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։
Դեկտեմբերի 1-ին Սարուխանյանն ինքնաառաջադրվել էր որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Դեկտեմբերի 2-ին առաջադրման մասին հայտնել էին Առուշանյանը և «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Թումանյանը։