«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրել է պետական անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։ Նա այսպես է մեկնաբանել ՔՊ-ից պատգամավորին հեռացնելու պատճառները։
Նա նշել է, որ արտահոսքի մասին տեղեկատվությունն ստացվել է այն քրեական գործերի ուսումնասիրության ժամանակ, որոնցով անցնում է Աղազարյանը։
«Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար՝ իրավունք չունեմ դրանք հայտնելու։ Առնվազն տեսնում եմ, որ իրավապահների կողմից վերլուծելու բան կա։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»,- ասել է Կոնջորյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Աղազարյանը կոպտորեն խախտել է հանրային բարոյական նորմերը։ Կոնջորյանը չի մեկնաբանել ինչ նորմերի մասին է խոսքը, քանի որ ըստ իրեն՝ դա նույնպես գաղտնագրված է և հրապարակման ենթակա չէ։ Կոնջորյանը հայտնել է, որ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ նյութերին, սակայն դրանք հանրայնացնելու իրավունք չունեն։
«Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության շուրջ, որը վերաբերում է ոչ ներքաղաքական, այլ պետական անվտանգության հարցերի, ըստ էության՝ արտահոսք է կազմակերպվել»,- պարզաբանել է Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ առնվազն այն դրվագները, որոնք քննարկել են վարչության նիստում, Աղազարյանը չի հերքել։
Կոնջորյանը նշել է, որ առավոտյան խմբակցության արտահերթ նիստ է հրավիրել Աղազարյանին հեռացնելու օրակարգով, ինչի մասին տեղեկացրել է նրան։ Սակայն ԱԺ-ում Աղազարյանը կանխելով այդ քննարկումը՝ ինքն է հայտարարել խմբակցությունից հեռանալու մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի այժմ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։