ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը բանակցություններում քննարկելու հանգամանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Այսպես է նա մեկնաբանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծում ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձը ներառելու հարցը։
«Ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում: Ես ոչինչ չեմ ասում։ Ինչ-որ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, ասում ենք։ Բայց երբ ասենք՝ այս թեման քննարկվում է կամ չի քննարկվում, միգուցե փակենք այդ թեման քննարկելու հնարավորության դուռը, կամ բացենք այդ թեման քննարկելու հնարավորությունը։ Դրա համար չենք խոսում»,- ասել է Հովհաննիսյանը։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին կոչ էր արել ընդունել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի բանակցությունների հրավերը՝ ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ»։ Բաքուն Հայաստանի տարածքներն անվանել էր «ադրբեջանցիների նախնիների հողեր» և հայերին մեղադրել իրենց «հազարամյա» ժառանգությունը ոչնչացնելու մեջ։
2023 թվականի հոկտեմբերի 17-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նրանց խոստացել էր «վերադառնալ» Սյունիքի մարզ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Ապրիլին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր 20-րդ դարում Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի համար պայմաններ ստեղծելու հեռանկարը և նշել, որ դա հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքմամբ։
Հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների գեներացում էր անվանել։ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում էսկալացիայի ռիսկը կապել էր դրա համար գաղափարական հիմքի ստեղծման հետ, որը «վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունն է։ Ըստ քաղաքագետի՝ Բաքուն այս հայեցակարգն օգտագործում է Հայաստանը հնարավորինս թուլացնելու իր փորձերի շրջանակում, և դա ուզում է անել հնարավորինս շուտ, քանի դեռ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։