ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները, տեղեկացնում են ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։
Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ Միրզոյանը և Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։
«Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հասարակության շրջանում այս առնչությամբ ընթացող ակտիվ քննարկումները։ Հայաստանի և Էստոնիայի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համար առկա մարտահրավերների շուրջ»,- փոխանցում են ԱԳՆ-ից։