Դեկտեմբերի 7-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը Թրամփի և Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- գրել է Փաշինյանը Facebook-յան իր էջում։
Փարիզում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի էր ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը Փաշինյանը մասնակցել էր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Տաճարը հանդիսավորությամբ բացվել է հինգ տարվա վերականգնումից հետո, որն իրականացվել էր 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այն վերականգնվել էր ավելի քան հազար վարպետների կողմից, ամբողջ աշխարհի 150 երկրից տաճարի վերականգնման համար հավաքվել էր ավելի քան 880 մլն դոլար նվիրատվություն: Արարողությունից հետո Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի Ելիսեյան պալատում հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։