Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկացի գործարար, գյուտարար, Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։
«Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,- գրել է Փաշինյանը Facebook-յան իր էջում։
Գործարարը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր Հայաստանում Starlink-ի գործարկման հնարավորության մասին։ Հունիսի 14-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել էր SpaceX ընկերության Starlink-ի գրասենյակ, քննարկել ընկերության հետ համագործակցությունը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։
Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ Փաշինյանը շփում էր ունեցել նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Տաճարի վերաբացման արարողությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին, որին Փաշինյանը մասնակցել էր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Տաճարը հանդիսավորությամբ բացվել էր հինգ տարվա վերականգնումից հետո, որն իրականացվել էր 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այն վերականգնվել էր ավելի քան հազար վարպետների կողմից, ամբողջ աշխարհի 150 երկրից տաճարի վերականգնման համար հավաքվել էր ավելի քան 880 մլն դոլար նվիրատվություն: Արարողությունից հետո Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի Ելիսեյան պալատում հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։